ԱԱՀ Պաշտոնական հայտարարություն
Սիրելի Զարթոնքցիներ և Ատգեն Արմենյան Հիմնադրամի ծրագրերին հավատացող և սատարող հարազատներ,
Այս ամառ, Վանաձոր քաղաքում կայացավ առաջին անգամ Հայաստանում նախադեպը չունեցող Զարթոնք Միջազգային Երաժշտական Ամառային Ակադեմիայի ծրագիրը։ Մի ծրագիր, որ 2 շաբաթվա ընթացքում, ամբողջ կրթաթոշակով հյուրընկալեց 45 տաղանդավոր երաժիշտ երիտասարդների վարպետության դասեր քաղելու հանրաճանաչ երաժիշտներ՝ Նարե Արղամանյանից (Զարթոնքի գեղարվեստական ղեկավար), Ալին Գութանից, Նարեկ Ավագյանից և Էմմանուել Հովհաննիսյանից։
Զարթոնքը իր կարևոր տեղը գրավեց Հայաստանի մշակութային ասպարեզում՝ իր լրջությամբ և տրված դասերի մակարդակով։ Այդ մասին կարող են վկայել Զարթոնք Ակադեմիայի մասնակիցները` մեր ապագա երիտասարդ երաժիշտ դեսպանները, ովքեր ներկայացնում են և շարունակելու են ներկայացնել Հայաստանը աշխարհով մեկ։ Այս ծրագիրը անդրադարձն էր ներկայիս կառավարության կողմից ներկայացված բազմաթիվ անգամ հոլովված գաղափարներին, ինչպիսիք են` նպաստել մարզերում մշակութային կյանքի հարստացմանը, սերմանել որակյալ մշակութային արժեքներ և փոխանցել հիմնական գիտելիքներ:
Զարթոնքը պիտի լիներ Մշակույթի նախարարության և Ատգեն Արմենյան Հիմնադրամի կողմից համաֆինանսավորված ծրագիր։ Ամառ 2018 թ․-ից անընդմեջ քննարկվել է այս ծրագիրը՝ հավանություն ստանալով 2019 մայիս ամսին։ Ստացել ենք հետևյալ նամակները՝
22/05/2019
Բարև Ձեզ հարգելի Վան
Մշակույթի նախարարության ֆինանսական վարչության հետ բոլոր հնարավոր և անհնար տարբերակները քննարկելուց հետո պատրաստ ենք Ամառային ճամբարի իրականացման համար տրամադրել 8 մլն դրամ:
Խնդրում եմ վերը նշված գումարի չափով ուղարկել նախահաշիվ /հայերեն/, որպեսզի կարողանանք գործընթացը սկսել:
23/05/2019
Հարգելի Վան կսպասեմ նախահաշվին, որ սկսեմ արդեն ընթացքը ֆինանսավորման հետ կապված զեկուցագիր և այլ թղթաբանությունը գրելու համար..
ուղղակի տեղեկացնեմ, որ ըստ նոր կանոնների, նախարարությունը գումարը կարող է փոխանցել միայն մեր ենթակա ՊՈԱԿ -ներին, դե իհարկե իրենք էլ Ձեզ կտան
այսինքն մենք ուղիղ Ձեր հիմնադրամին չենք կարողանա գումար փոխանցել,,բայց դե խնդիր չէ՝ ՊՈԱԿ-ի միջոցով ամեն ինչ նորմալ ստացվում է:
03/06/2019
Հարգելի Վան
Մեզ մոտ կադրային փոփոխություններ են, այդ պատճառով մի քանի օր կուշանա պաշտոնական հաստատումը:
Նոր ղեկավարների նշանակվելուց հետո պաշտոնական գրությունը կստանաք:
21/06/2019
Բարև Ձեզ
ՀՀ Գանձապետարանի հետ նախարարությունը տեխնիկական խնդիր ունի, որի պատճառով մեր բոլոր հաստատված ծրագրերը ժամանակավորապես դադարեցվել են և սպասում ենք այդ հարցի լուծմանը:
Հուսանք, որ մինչ Ձեր գալը այդ տեխնիկական խնդիրը կստանա իր լուծումը և ֆինանսը կկարողանան հատկացնել։
Նշենք, որ այս բոլոր նամակները ուղարկվել են արտաքին հարաբերությունների բաժնի ավագ մասնագետ Էդիտ Խաչատրյանի կողմից, սկզբում՝ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի, իսկ հետո՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի հանձնարարությամբ:
Ինչպես շատերդ քաջատեղյակ եք, չնայած բոլոր նամակագրական տեղեկությունների և փաստերի, Զարթոնք ծրագրի համաֆինանսավորումը չեղյալ համարվեց, և վերջնական հաստատումը այդպես էլ նախարարությունը չտվեց։
Ցանկացած փոխհարաբերություն հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Երբ մայիս ամսվա վերջին, Մշակույթի նախարարությունից հստակ հաստատում ստացանք համաֆինանսավորման վերաբերյալ, մենք առաջ շարժվեցինք կատարելու Զարթոնքի համար անհրաժեշտ կազմակերպչական մեր բոլոր պարտավորությունները (նշենք նաև, որ նման նախագծեր կազմակերպվում են բազում ամիսների նախապատրաստական աշխատանքների արդյունքում)։ Ժամանակը շատ կարճ էր, պետք էր անել կարելին այն իրականացնելու համար ՝ վստահելով, որ մեր գործընկեր նախարարությունը, որն այն ժամանակ անցնում էր խոշոր կառուցվածքային փոփոխությունների միջով, կշարունակեր մնալ իր խոսքին և մեր կողքին: Զարթոնք ծրագիրը սկսելուց մեկ ամիս առաջ, մենք սկսեցինք հակասական հաղորդագրություններ ստանալ․ նախարարության արդեն իսկ ընդունված օժանդակության որոշումը վերանայվում էր:
02/07/2019
Հարգելի Վան,
Ինչպես մեր հեռախոսազրույցների ժամանակ Ձեզ տեղեկացրել եմ, բացի Ծրագրի մրցութային բնույթից /Հայաստանում իրականացվող բոլոր՝ նույնիսկ միջազգային ծրագրերը, այսուհետ իրականացվելու են մրցութային կարգով/ կան նաև իրավական ընթացակարգերի խնդիրներ՝ կապված Ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարության որոշումներից, որը նույնիսկ կադրային փոփոխություններ չլինելու պարագայում՝ անհնար կլիներ իրականացնել, նման խնդրի առաջ են կանգնած բազմաթիվ միջազգային ծրագրեր և նախագծեր:
Կարևորելով միջոցառման իրականացումը, և հաշվի առնելով վերոնշյալ տեղեկատվությունը ևս մեկ անգամ առաջարկում ենք մասնակցել նախարարության բաց Դրամաշնորհային մրցույթին։
Ակնհայտորեն, այդ պահին ետ կանգնելը տարբերակ չէր։ Զարթոնք Ակադեմիայի կազմակերպչական և դասախոսական կազմը մերժել էր իրենց ամառվա ամիսների ընթացքում հնարավոր աշխատանքի առիթներ և համերգային ծրագրեր, օրեօր Ակադեմիայի դիմորդների ցանկը ավելանում էր, լսումները սկսված էին, ավիատոմսերը գնված էին դասախոսական կազմի համար․ ամեն բան պատրաստ էր մեկնարկի։
Հուլիս 15-ին, Հայաստան հասնելուց անմիջապես հետո, հանդիպեցինք պրն․ Արայիկ Խզմալյանին իր անձնակազմի հետ։ Համաֆինանսավորման գործընթացը դյուրացնելու նպատակով, մեզ հանձնարարվեց կրկին անգամ դիմել ֆինանսավորման․ այս անգամ՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով: Չնայած, որ այդ մրցույթին ներկայացված ծրագրերի իրականացման ժամկետների կարգը նշում է, որ ֆինսավորվելու են այն ծրագրերը, որոնք տեղի պիտի ունենան սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին․․․այնուհանդերձ մեզ հանձնարարվեց դիմել։
Հայտը ներկայացվեց, սակայն այն հաղթող չճանաչվեց՝ պատճառներից մեկը հանդիսանալով ծրագրի իրականացման ժամկետները։ Ասվեց, <<․․․չէինք կարող ֆինանսավորել մի ծրագիր, որ վաղը (օգոստոս 17-ին) ավարտվում է․․․>>։
Զարթոնք ծրագրի ֆինանսական ամբողջ ծանրությունը ընկավ Ատգեն Արմենյան Հիմնադրամի ուսերին, որի շնորհիվ տարվա ընթացքում իր կողմից մարզերում իրականցվող երաժշտական զարգացման ծրագրերի 90%-ը կրճատվեցին։ Ի տեղեկություն, Ատգեն Արմենյան Հիմնադրամը վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան կես միլիոն դոլար է ներդրել Հայաստանի մարզերում զանազան ծրագրերի համար։
Ատգեն Արմենյան Հիմնադրամը համոզված է, որ դեռ ուշ չէ վերանայել ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը այս հարցի լուծման շուրջ։ Խնդրում ենք նախարար Արայիկ Հարությունյանին գործադիր որոշում (executive decision) կայացնել և, ի շահ մեր երիտասարդ սերնդի, գտնել ուղիներ՝ իրականացնելու Մշակույթի նախարարության մայիս 22-ի համաֆինանսավորման որոշումը ։
Ատգեն Արմենյան Հիմնադրամը նաև ակնկալում է ապագա համագործակցություն կառավարության հետ․ իրականացնելու այն երազը, որ Հայաստանը դառնա օրինակելի երկիր, ուր մշակույթը առաջնային դեր կխաղա դեպի ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն:
Ատգեն Արմենյան Հիմնադրամ
http://freepdfhosting.com/1fa76180dc.pdf