ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կողմից արժանացել է կրթաթոշակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-ամյա դաշնակահարուհուն հիմնադրամը կօժանդակի տարիներ շարունակ:
«Ես անչափ շնորհակալ եմ և խորին երախտագիտությունս եմ հայտնում հիմնադրամին և «Կանանց երաժշտական միամսյակ» նախաձեռնությանը»,-ասաց նա:
Ջավախքցի Անահիտը շատ մրցույթների և փառատոնների մրցանակակիր է: Անցյալ տարվա դեկտեմբերին նա ելույթով հանդես է եկել Փարիզի Նապոլեոն Բոնապարտի դահլիճում անցկացված համերգում, որտեղ արժանացել է բարձր գնահատականի:
Ներկայումս աղջիկն աշխատում է UNESCO-ի դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Էլիսո Բոլքվաձեի հետ: Ապրիլին Անահիտ Ստելմաշովան ելույթ կունենա Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Music of Armenia-ի նախաձեռնությամբ անցկացվող «Կանանց երաժշտական միամսյակ»-ը, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր, մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով նրանց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերնդին: